ԱՄՆ նախագահի միջազգային քաղաքականությունը հեռու է տեսականացումից և հիմնականում սնվում է մի քանի բնազդներով` ուժերի հարաբերակցության գերակայությամբ, գաղափարով, որ նախ պետք է զբաղվել «սեփական», հետո միայն «ուրիշների» գործերով, ալյանսների խաղում գործարքների կրկնակի վերանայմամբ` գրում է Լորա Մանդևիլը Le Figaro-ում։ Դաշնակիցներն ու հակառակորդները` շփոթահար նրա անհավանական թվիթներից ու ապադիվանագիտական մանևրներից, մտածում են` ի՞նչ դեր է ուզում ունենալ առաջին գերտերության նախագահը` բացի «Ամերիկան նախ և առաջ» կարգախոսից։ Հյուսիսային Կորեայի հարցում Թրամփի հաստատուն դիրքորոշումը, առևտրի հարցում տոնը կոշտացնելու հակումը, ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ հաճոյախոսությունների փոխանակումը ռազմական բեռի վերաբաշխման հարցում, Սաուդյան Արաբիայի նոր տիրոջն աջակցությունը, ԱՄՆ դեսպանատան Երուսաղեմ տեղափոխելու հայտարարությունը շատ փորձագետներ են գնահատել իբրև հրաժարում «անփոխարինելի տերության» դերից, որին ԱՄՆ-ը հավակնում էր Երկրորդ աշխարհամարտից հետո։ Նրա դուրս գալը Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից և Տրանսխաղաղօվկիանոսյան ռազմավարական տնտեսական գործընկերությունից, մասնակի հրաժարումն Իրանի միջուկային ծրագրի պայմանագրից մեծացրին անհանգստությունը և ցույց տվեցին միակողմանի գործելու նրա ցանկությունը։
Շատ վերլուծաբաններ, առանց երկար մտածելու, պատրաստ են մեղադրել Թրամփին` նրան համարելով միջազգային համակարգի փլուզման պատճառ, սակայն իրականությունը շատ ավելի բարդ է։ Թեպետ Թրամփը դրսևորում է միջազգային խաղի կանոնները խախտելու հնարավոր պայթյունավտանգ հակվածություն, սակայն նա չէ աշխարհում տիրող մեծ անկարգության պատճառը։ Մեր օրերի բոլոր լուրջ մարտահրավերները հետևանք են չինական հսկայի հզորության մեծացման և Ռուսաստանի քաղաքականության, որ պատրաստ են քանդել գոյություն ունեցող աշխարհակարգը։ «Սիրիայի աղետը, իսլամական ահաբեկչությունը, Արևմուտքի ներքին խոր ճգնաժամն արդեն կային Թրամփից առաջ։ Թրամփը չի ստեղծել այդ խնդիրները, բայց նա բացահայտորեն պատրաստ է համարձակ լուծել այդ խնդիրները` հետաձգելու փոխարեն, ինչպես արել են անցյալում: Օրինակ` հյուսիսկորեական հարցում»` ասում է Ջորջթաունի համալսարանի քաղաքագետ Ջոշուա Միտչելը։ Այլ տեսակետ ունի ԱՄՆ միջազգային հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հասը` վստահ, որ Թրամփը ԱՄՆ-ին մղում է դեպի մարգինալացում և աշխարհը իր գործերը կազմակերպում է «առանց նրա»։
Սկզբում, երբ Թրամփն ասում էր «Ամերիկան նախ և առաջ», բոլորը հավատացին` սկսվում է մեկուսացումը, բայց այդ բնորոշումը ձախողվեց։ Մի քանի ամիս նա իրեն դրսևորում էր ավելի շուտ իբրև ազգայնական «ռեալիստ», որ ռազմական ուժ կիրառելու մեծ ցանկություն չունի, սակայն պատրաստ է կիրառել, երբ անհրաժեշտ է` Ռեյգանի մեթոդով, ինչպես արվեց Սիրիայում։ Միլիարդատեր նախագահը ցույց տվեց, որ պատրաստ է խախտել Չինաստանի հետ ստատուս քվոն` գրոհելով առևտրական ճակատում, մասնավորապես, արգելելով վաճառել կիսահաղորդիչներ արտադրող ընկերությունը չինական ընկերություններից մեկին` թույլ չտալու համար «ազգային անվտանգության» համար վտանգավոր տեխնոլոգիաների փոխանցումը։ Զուգահեռ` Թրամփն իր աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին` մոլլաների վարչակարգի հետ բախումներում` զինաթափելով նրանց, որ իրեն մեղադրում էին մարդու իրավունքները ծաղրելու մեջ։ Սակայն «խռովարարի» նրա մեթոդի մեջ առաջվա պես երևում է հանրապետականի դասական արտաքին քաղաքականությունը։ Ձևավորվել է իր շրջապատի ազդեցիկ զինվորականների ճնշումո՞վ։ Անկասկած։ Բայց արդյունքն ակնհայտ է` չնայած ենթադրյալ տագնապներին, որ թեկնածու Թրամփը հմայված է Պուտինով, նրա վարչակարգը հստակ ու հաստատուն աջակցություն է ցույց տալիս ՈՒկրաինային` հրաժարվելով հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և նույնիսկ թույլատրել է մահացու զենքի վաճառքը Կիևին։ Մի անանուն դիվանագետ սեղմ բանաձևել է Թրամփի գործունեությունը` ընդգծելով հետևողականությունը` «Նրա կլանչոցն ավելի վատ է, քան կծոցը»։
Le Figaro
Հ.Գ. Այսպես են մտածում ֆրանսիացիները, որ Թրամփով ոչ հիանալու պատճառ ունեն, ոչ նրանից հիասթափվելու։ Էմանուել Մակրոնի Ֆրանսիան փորձում է Եվրոպայում ուժի նոր կենտրոն դառնալ և, ուրեմն, նվազագույնը անաչառության սկզբունքը պետք է պահի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Իտալացի Ջուզեպե Սարչինան Corriere della Sera-ում գրում է Թրամփի ու իր աշխատակազմի հարաբերությունների մասին, ավելի ճիշտ` աշխատակազմից հեռացածների։ Հաշվի առնելով երկուսի էլ ոճը` Սթիվ Բենոնի ու Դոնալդ Թրամփի խզումը չէր կարող հրապարակային ու սկանդալային չլինել։ Բենոնը հայտարարում էր` դավաճանները հայրենասեր չեն, Թրամփը պատասխանում էր` դու կորցրել ես ոչ միայն իշխանությունը, այլև` բանականությունը։ Վիրավորվածություն ու վիրավորանքներ, խայթող մեկնաբանություններ` մի քիչ քաղաքականություն խառնած։ 2017-ի օգոստոսի 19-ին պաշտոնանկված` Սպիտակ տան ամենաէքստրեմիստ խորհրդականը, ուլտրապահպանողական Breitbart կայքի հիմնադիրն ու մշտական քաղաքական ակտիվության տեսաբանը տեսակետներ է հայտնել Թրամփ Կրտսերի դերի մասին «Ռաշագեյթում»։ Բենոնի մեկնաբանությունները հիշատակվում են Թրամփի մասին գրքի տպագրության առիթով` Fire and fury: Inside the Trump White House (Կրակ ու կատաղություն` Թրամփի Սպիտակ տան ներսում), որի հեղինակը լրագրող Մայքլ Վուլֆն է։ Բենոնը մեկնաբանել է Թրամփ Կրտսերի կազմակերպած հանդիպումը 2016-ի հունիսի 9-ին Trump Tower-ում Նատալիա Վեսելնիցկայայի` ռուս փաստաբանի հետ, որ Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր էր խոստացել։
Հանրապետական կուսակցությունը 2017-ն ավարտեց 3 պարտություններով ընտրություններում` Նյու Ջերսիում, Վիրջինիայում ու Ալաբամայում, որտեղ Բենոնը մենակ աջակցում էր Ռոյ Մուրին` արմատական աջերի թեկնածուին, ում մեղադրում էին սեքսուալ «գիշատիչ» լինելու մեջ։ Դեկտեմբերի 12-ին ամբողջովին պահպանողական հարավային նահանգը իր քվեարկությամբ մերժեց Բենոնի ագրեսիվությունը։ Թրամփը քաղաքական եզրակացություններ արեց։ Նաև այն պատճառով, որ Բենոնը հիմա հարձակվում է իր ընտանիքի վրա։ Չկասկածեք, որ Fire and fury: Inside the Trump White House-ը կդառնա բեստսելլեր` ԱՄՆ-ում սիրում են կարդալ ուրիշների գաղտնիքները ու ծիծաղել ուրիշների վրա։ Ինչ էլ գրած լինի լրագրողական աշխարհի ու Հոլիվուդի գիտակ Մայքլ Վուլֆը` Դոնալդ Թրամփը գիրքն օգտագործելու է իր օգտին: Նա արդեն սկսել է նախագահական երկրորդ ժամկետում առաջադրվելու պատրաստությունները։ Իսկ լրագրողներն օգնում են նրան` լավ, թե վատ, կարևոր չէ` գրքեր գրելով նրա մասին։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ